24.12.2012

ՀԵՂԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ


Էլֆիք ԶՈՀՐԱԲՅԱՆ

Էլֆիք Զոհրաբյան (ծնվ. 1979, դեկտեմբերի 26, Վանաձոր), հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, դերասան:

Մինչև 1995-ը սովորել է Կիրովականի թիվ 15 միջն. դպրոցում, ապա ուսումը շարունակել Վանաձորի Ս. Աբովյանի անվան թիվ 1 ազգային վարժարանի անգլիական հոսքում: 1993-1995 թթ. սովորել և ավարտել է Վանաձորի դրամատիկական ստուդիան, իսկ 1998-2000 թթ. դասավանդել նույն ստուդիայում: 1995-ից աշխատում է նաև Հովհ. Աբելյանի անվ. պետական թատրոնում: Որպես առաջատար դերասան` խաղում է մի շարք գլխավոր և հիմնական դերեր. Տիբալտ (Ու. Շեքսպիր, «Ռոմեո և Ջուլիետ»), Կորնվոլի դուքս (Ու. Շեքսպիր «Լիր արքա»), Իվան Վասիլևիչ (Ա. Չեխով, «Առաջարկություն»), Հովիկ (Հրանտ Մաթևոսյան, «Ալխո»), Բորիս Գրիգորիչ (Օստրովսկի, «Ամպրոպ»), Կոտե (Ա. Ցագարելի, «Խանումի արարքները»), Արքայազն (Գուրգեն Մահարի, «Կուզիկն ու Ոսկեմազիկը»), Դիկոն (Լ. Ռիչարդսոն «Անտառի զավակները») և այլն:
Լուի Սաբատիեի դերակատարման համար (Ռ. Լամուրե, «Ա՜խ, փարիզուհիներ, փարիզուհիներ») արժանացել է երիտասարդական թատերական փառատոնի մրցանակին (2006 թ.), իսկ որպես ասմունքող` միջմարզային փառատոնի դափնեկրի կոչման (2003 թ.): 2000-ին որպես ստեղծագործող (արձակագիր)` արժանացել է «Դարավերջի համաքաղաքային փառատոնների» դափնեկրի կոչմանը (Վանաձոր): 2005-ից դարձել է Հայաստանի թատերական գործիչների միության անդամ: 1997-2001 թթ. սովորել և ավարտել է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի անգլիական բաժինը: 2001-2003 թթ. ծառայել Հայաստանի ազգային բանակում` որպես ավագ սերժանտ: 2003-ից մինչ այսօր, որպես անգլերենի և «Դրամայի տեսության» դասախոս, աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում: 2005-ին ընտրվել է որպես ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի երիտասարդական թևի նախագահ: 2006-ին «ՀԱՅԱՍՏԱՆ-2020» գրական համահայկական մրցույթում ճանաչվել է հաղթողներից մեկը` ստանալով դրամական պարգև և տպագրվել նույնանուն գրքում: 2008-ին «Զարթոնք» երիտասարդական գրական մրցույթում (ք. Գյումրի) ևս դարձել է մրցանակակիր և տպագրվել նույնանուն հանդեսում: 2008-ին մասնակցել է ՀՀ Մշակույթի նախարարության կազմակերպած «Վիլյամ Սարոյան. համաշխարհային գրականություն և ազգային ինքնություն» միջազգային գիտաժողովին` հանդես գալով «Վ. Սարոյանի կարճ պիեսները. «սարոյանականը» զեկուցմամբ: Հեղինակ է գրականագիտական հոդվածների, պիեսների, հեքիաթների, ինչպես նաև սատիրաների, որոնք տպագրվել են ավելի քան տասը անթոլոգիաներում, ալմանախներում, ինչպես նաև հանրապետական գրական մամուլում` «Դրամատուրգիա», «Գրական թերթ», «Նարցիս», «Գարուն», «Գրեթերթ», «Երկունք» և այլն: 2009-ին մասնակցել է երիտասարդ գրականագետների հանրապետական գիտական նստաշրջանին` հանդես գալով զեկուցմամբ («Գրական ազդեցությունները Վիլյամ Սարոյանի ստեղծագործություններում»): 2009-ին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնում, իսկ 2010-ին Շուշիում բեմադրվեց Է. Զոհրաբյանի «Ա՜խ, այդ Վհուկը» հեքիաթ-ներկայացումը, իսկ Գորիսի թատերական ինստիտուտում` նրա «Սոխակը» հեքիաթ-պիեսը:

Թարգմանել է Վիլյամ Սարոյանի, Օսկար Ուայլդի, Լիա Կարավիայի, Արամ Սարոյանի և այլ գրողների երկեր, որոնք տպագրվել են հանրապետական մամուլում և հանդեսներում: Ստեղծագործությունները տպագրվել են նաև սփյուռքի մամուլում` ԱՄՆ-ում («Կռունկ» հանդես), Ռուսաստանում («Գործ Արար» հանդես) և Իրանում:

2009-ին նշանակվել է Հայաստանի թատերական գործիչների Լոռու մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար: 2010-ին Է. Զոհրաբյանը նկարահանվեց ռուս-հայկական համատեղ արտադրության ռուսալեզու «Ալավերդի» գեղարվեստական ֆիլմում` խաղալով սեքսուալ մոլագարի էպիզոդիկ դեր: 2011-ին թատերարվեստին մատուցած ծառայությունների համար արժանացել է Հայաստանի թատերական գործիչների միավորման բարձր պարգևին` Ոսկե մեդալի, ինչպես նաև ՎՊՄԻ-ի շնորհակալագրին` («ակնառու հաջողությունների համար»): Տպագրվել է Իրանի «Նաիրի» տարեգրքում: 2011-ին տպագրվել է Ռազմիկ Դավոյանի խմբագրությամբ «Մուգ կապույտ վառ կարմիր» գրական տարեգրքում: 2012-ին պետական պատվերով տպագրվեց Վիլյամ Սարոյանի «Բան ունեմ ասելու» հինգ պիեսների գիրքը Էլֆիք Զոհրաբյանի թարգմանությամբ, ծանոթագրություններով և գրականագիտական հոդվածներով: 2012-ից դարձավ Հայաստանի գրողների միության անդամ է: 2012-ին Հովհ. Աբելյանի անվան պետական թատրոնը բեմադրեց նրա «Բժիշկ Այբոլիտ» պիեսը (ըստ Կ. Չուկովսկու համանուն հեքիաթի), որտեղ նրան տրվեց հենց բժշկի դերը: 2012-ին արժանացել «Նարցիս» հանդեսի մրցանակին և դրամական պարգևին: 2012 թ.-ին նկարահանվել է «Գարեգին Նժդեհ» լիամետրաժ պատմական ֆիլմում՝  գերմաներենով խաղալով քաղաքացիական հագուստի տակ ծպտված էսէսական դոկտոր Դելիուսի դերը:

Комментариев нет:

Отправить комментарий