24.12.2012

Էլֆիք Զոհրաբյան | Երկրորդ գիտակցություն

Ռուդոլֆ Շտայների վկայությամբ Գյոթեն իրեն կողքից, օբյեկտիվ… դիտելու կատարյալ կարողություն ուներ: Անգամ իր կյանքի ամենառոմանտիկ պահերին նա երկու գիտակցություն ունենալու բավականությունից իրեն չէր զրկում: Այդ ունակությամբ նա թափանցում էր մարդկային ոգու խորքերը, ճանաչում նրա նրբերանգները…

ՄԻԽԱՅԻԼ ՉԵԽՈՎ

- Ուզում եմ տեսնել մարմնիդ գեղեցկությունը, – այս անգամ տարօրինակ դողով ասաց Գ. Աֆրիկյանը՝ վստահ, որ նա ինքնակորույս կնետվի մերկանալու, ինչպես իր կարմիր գիշերներում հայտնված երբեմնի քսանյոթ աղջիկները: Մարիի շառաչուն ապտակից սկսեց կեղծ ծիծաղել:
- Ե՛տ արի, Մարի՛, կզղջա՜ս, – գոռաց քսաներեքամյա Գ. Աֆրիկյանը, ում վատաբանելիս մարդիկ Դոն էին կոչում:
Կենսափորձից գիտեր, որ գոնե կիրքը կստիպի աղջիկներին ետ գալ: Վստահ սպասում էր, բայց Մարին գնաց անվերադարձ: Նրա վարպետության շնորհիվ աղջիկները «սեփական կամքով» էին հայտնվում իր կրքի ցանցում: Դոնի բացառիկ հմայքի շնորհիվ տասնյակ աղջիկներ դառնում էին սիրո զոհեր, որոնց զգացմունքերի պատասխանը լինում էին մեկ կամ առավելագույնս եռօրյա գիշերները՝ մոմի լույսի ներքո, վարդի թերթիկներով լի ջրերի մեջ: Դոնը որոշեց վրեժ լուծել Մարիից՝ քնելով տասնյակ աղջիկների հետ՝ նոթատետրում նշելով բոլոր հոմանուհիների անունները:
Թեև նյութապես ապահովված էր, բայց մոլեգնորեն փող էր կուտակում: Ամեն օր երեք ժամ անցկացնում էր գրադարանում՝ մանրակրկիտ ուսումնասիրելով Ալեքսանդր Մակեդոնացու, Կեսարի, Հիտլերի, Տիգրան Մեծի, Չինգիզ խանի և անգամ Էլիզաբեթ թագուհու գործունեությունը…


Դոնի ժպտուն հայացքին չդիմացավ նաև քառասնամյա մի կին, ով ժամանակին գեղեցկության հայտնի մրցույթներից մեկում հաղթող էր ճանաչվել: Դոնին գրավեց «կնոջ համար անթույլատրելի նրա խելքը»:
«Չէի հավատում, որ դու մի օր իմը կլինես, թեկուզ մեկ ժամով, բայց դու երևի ավելի երջանիկ ես զգում…», – գեղեցկուհու ուսերը կրքոտ շոյելով մտածում էր Դոնը և նրա, ինչպես նաև բոլոր մյուսների մեջ փնտրում Մարիին: «Չկարողացա ինձ զսպել, – Դոնի մազոտ կուրծքը շոյելով խորհում էր գեղեցկուհին, – ինչպե՞ս հանձնվեցի քո այդ սև, սև աչքերին: Ի՞նչը ենթարկեց քեզ… Դեռ չեմ հավատում, որ քո գրկում եմ, իմ գոռո՛զ ասպետ… Բայց արդյո՞ք դու իմն ես լինելու»:
- Կգա մի օր՝ աշխարհը կխոսի Դոնի մասին, – անսպասելիորեն ասաց նա՝ Գ. Աֆրիկյանը:
Գեղեցկուհին պատասխանեց լռությամբ: Չասված կարևոր բան կար նրա լռության մեջ, իսկ հետո, առաստաղի զարդանախշերին նայելով, խոսեց.
- Ամեն մարդ պետք է ունենա երկրորդ գիտակցություն, այլապես քո պատճառով ևս ուրիշները կարող են դժբախտ զգալ այս կյանքում…
Դոնը չընկալեց իր տարփուհու խոսքը. մտածում էր չծերանալու մասին. «Ծերերի վրայից գարշահոտ է փչում: Մի՞թե ինձնից էլ կնողկան երիտասարդները, երբ հասակ առնեմ: Իմ ղեկավարության օրոք ծերերին հատուկ դպրոց կուղարկեմ, որ հասկանան՝ պետք է ժամանակի հետ քայլել, չխանգարել երիտասարդներին, չլինել փնթփթան գրողի տարածներ: Նրանք կարծես միշտ ծեր ծնված լինեն: …Իսկ հիվանդ մարդիկ առողջ չեն մտածում: Հասարակությունը պետք է աննկատ մաքրել ախտավոր տարրերից»:
Գեղեցկուհին ձեռքը դրեց Դոնի ափի մեջ: «Թե կյանքդ ինձ հետ չկապես, վրեժխնդիր կլինեմ: Ինձնից լավ քեզ ոչ ոք չի հասկանա», – իր միտքը կրկին չբարձրաձայնեց շատերի համար երազանք դարձած կինը: «Հարկավոր է փող, շատ փող, – աչքերը փակելով՝ մտածեց Դոնը, – ես կփոխե՛մ աշխարհը: Գիտեմ՝ ինչ անել… Ու չեմ կրկնի նախորդ մեծերի սխալները…»:
Գեղեցկուհին զգաց, որ Դոնի ուղեղում ուրիշ գործողություն է կատարվում:
Դոնը նորից հանդիպելու մասին ոչինչ չասաց: Մի խոլորձ նվիրեց գեղեցկուհուն ու տաքսի կանչեց: Հրաժեշտի պահին քառասնամյա կինը գոռոզաբար ժպտաց, չպատասխանեց Դոնին. կոկորդը սեղմվել էր: Տաքսու մեջ չկարողացավ իրեն զսպել ու փղձկաց: Չգիտեր՝ ինքն իրեն երբևէ կների՞:
Դոնը քնեց քաղաքագլխի կրտսեր դստեր հետ, ումից անկողնում կորզեց այն, ինչ ոք ոքից չէր կարող իմանալ… Մեկ տարի հետո քաղաքագլխի վրա բացվեցին դատական գործեր: Ոչ ոք չիմացավ՝ ինչպես բացահայտվեցին պաշտոնական դիրքի չարաշահման վեց դեպքերը:
…Գ. Աֆրիկյանը դարձավ քաղաքագլուխ. «Փող է հարկավոր մեծ նպատակիս հասնելու համար… Թող ոչ ոք չասի՝ փողն ամեն ինչ չէ»: Հաշվարկված էր նրա ընկերությունը: Զգում էր՝ կարիք ունի ընտանեկան ջերմության և ինչ-որ մեկի՝ սրտամոտ զրույցի, սիրելու, սիրվելու համար, մինչդեռ ռոբոտի պես կրկնում էր՝ գտնելու ժամանակ չկա: «Խոսքս պետք է վերին օրենք դառնա բոլորի համար: Իմ ղեկավարումը պետք է ստվեր գցի այսօրվա առաջնորդների վրա», – որոշեց Դոնը: Նրա միտքը չէր կարողանում երկար կանգ առնել մի բանի վրա:
Այցելեց դպրոցներ:
- Ինչու՞ աշակերտները չեն սիրում կարդալ: Մեղավորը դժգույն հոգիներ ունեցող դա՛-սա՛-տո՛ւ-նե՛րդ եք, – ու հրաման արձակեց ինսուներկու ուսուցչի հեռացնել դպրոցից և որակազրկել:
- Իմ չորս անչափահաս երեխաները սովի կմատնվեն, պարո՜ն քաղաքագլուխ, – աղերսում էր այրի մի ուսուցչուհի:
- Տիկի՛ն, Ձեր ձևավորած մարդիկ դժբախտություն կբերեն մեր երկրին, – պատասխանեց Գ. Աֆրիկյանը, – հարկավոր է պետությանը վերադարձնել այն աշխատավարձը, որ ողորմացել են ձեզ:
Քաղաքագլխի հրամանով մի քանի տասնյակ հոգեբաններ ամեն օր հանդիպումներ էին ունենում մարդատյաց բնակչության հետ՝ միմյանց հանդեպ սեր արթնացնելու նպատակով…
Դոնի բարեկամներն ու թշնամիները քառապատկվեցին: Նա դեռ միայնակ էր զգում: Սկսեց հաճախակի փոխել պատասխանատու պաշտոններ վարող այն գործընկերներին, ովքեր փայլում էին իրենց գործում: Իր տեղակալը՝ փոխքաղաքապետը, իրագործեց մարդասիրական մի ծրագիր, արժանացավ հասարակության և երկրի ղեկավարների ուշադրությանը: Շատ չանցած տեղակալին ազատեց պաշտոնից վեց րոպե ուշանալու պատճառով, իսկ իր հմայքի ուժը մեկ անգամ ևս փորձելու համար փոխքաղաքապետի կնոջ վաղեմի երազանքը իրագործեց, բայց գոհ չմնաց նրա սեռական պասիվությունից:
Փոխքաղաքապետի կինը սիրահարի պես գլուխը կորցրեց նրա հետ անցկացրած գիշերվանից հետո: Մի օր էլ հարբած վիճակում ամուսնուն անվանեց անտարբեր կոտոշավոր, ապա դառը ծաղրով պատմեց իր անմոռանալի գիշերվա մասին…
Քաղաքի քննարկվող թեման դարձավ այս պատմությունը, իսկ փոխքաղաքապետն էլ, ամուսնալուծությունից հետո, վրեժով լցվեց:
«Պարտադիր չէ՝ փրկիչը երկնքից գա: Հղփացած մարդիկ կորցրել են իրենց հավատը: Տեսեք՝ ի՜նչ պատիժների կենթարկվեք», – արյան ծարավ ունեցողի պես խոսեց Դոնը սափրվելիս, և ածելին կտրեց նրա անբիծ մաշկը: Արյունը հոսեց դեպի պարանոցը, – «սրա համար բոլո՛րդ պատասխան կտաք»:
Մարդիկ աշխատանք գտնելու համար լքում էին քաղաքը, որտեղ միայն կարգուկանոն էր հաստատվել: Դոնն աշխատանքից հեռացրեց երիտասարդ նոր փոխքաղաքապետին, ով բացի իր համախոհը լինելուց, ուներ յուրահատուկ խելք, սեփական կարծիք և կառավարման տաղանդ: Երիտասարդ փոխքաղաքապետը ծանր հիվանդացավ: «Ղեկավարը պետք է ֆիզիկապես էլ, հոգեպես էլ առողջ լինի: Հիվանդի ղեկավարումը նույնն է, թե հարբած նևրաստենիկին ինքնաթիռ վստահես: Օպերա չհաճախած մարդուն չպետք է պաշտոն վստահել…, – Դոնը փորձեց այլևս չմտածել ոչնչի մասին և գնալ զվարճանալու, բայց մտքերը որդի պես կրկին սողոսկեցին նրա սիրտը, – ինձ քննադատող լրագրողները պետք է հիվանդությամբ կնքեն իրենց մահկանացուն… Նրանք չեն հասկանում գործողություններիս խորքային նպատակները»:
Գ. Աֆրիկյանն անձամբ գնեց քսանմեկ ծաղիկ, իսկ իր սև մեքենայի մեջ կրճտացնում էր ատամները. գեր ծաղկավաճառուհին եռակի անգամ թանկ վաճառեց դրանք. կարծես ենթագիտակցական վրեժ լիներ հարուստ քաղաքագլխի դեմ: Պատկերացրեց՝ հրապարակավ ոնց կդաղեր ծաղկավաճառուհու գեր հետույքը:
- Քիչ մնաց: Կտեսնե՜ք՝ ում հետ գործ ունեք, – քթի տակ ծիծաղեց քաղաքագլուխը:
Մեքենան սուրաց քաղաքից դուրս: Վարորդը նկատեց՝ իրենց հետևում են: Գիշերային փողոցի գույնզգույն լապտերները, խաղատան լույսերն ու շտապող մարդիկ Գ. Աֆրիկյանին ծիծաղելի թվացին.
- Դեպի ու՞ր է գնում աշխարհը: Մարդիկ ու՞ր են անիմաստ շտապում…
Թեև թիկնապահին զվարճալի չթվաց քաղաքագլխի միտքը, բայց ծիծաղեց: Ուժեղ բախյուն լսվեց: Ավտոմեքենան ծածկվեց թանձր ծխի մեջ: «Ահավոր ավտովթարից մահացան քաղաքագլխի վարորդն ու թիկնապահը, իսկ պարոն Գ. Աֆրիկյանն, ըստ բժիշկների ախտորոշման, այսուհետև կտառապի «հարաճուն ամնեզիայով»», – հայտարարեցին լրատվամիջոցները:
Գ. Աֆրիկյանը չէր հասկանում՝ որտեղ է ինքը: Թվում էր՝ անծանոթ աշխարհ էր ընկել: Ճերմակել էր նրա ածխագույն մազերի մի մասը: Ոչինչ չէր հիշում: Մարդկանց նայում էր անհաղորդ, ջրակալած աչքերով, ժպտացող զույգերին՝ զարմացած:
Այլևս չէր զգում, որ իր շուրջը ծփացող կյանքը, անգամ արևի անհոգ ժպիտն ավելի են ընդգծում իր ողբերգական վիճակը: Երերալով նստեց այգու նստարանին: Նկատեց՝ մի կին իջավ մեքենայից, երկար նայեց իր կողմը: Կնոջ անթարթ աչքերը տխուր էին, սակայն շրթունքները ժպիտ էին ցույց տալիս: Գեղեցկուհին էր:
- Չեմ ուրախանում, բայց որտե՞ղ էր երկրորդ գիտակցությունդ, մոլորակի չկայացա՛ծ առաջնորդ: Գուցե մեղք եմ գործում, բայց այժմ ո՞րն է մեխանիկական կյանքիդ իմաստը, – ասաց կինն ու նստեց ամուսնու՝ կենտրոնական բանկի կառավարչի մեքենան:
Հանկարծ Գ. Աֆրիկյանը տեղից պոկվեց: Ցանկապատները, մեքենաները, ծառերն ու թփերը ճեղքելով՝ վազելով ու «Հայրի՜կ» գոռալով նրան մոտեցան իր չծնված զավակները.
- Գիտե՞ս՝ քեզ որքա՜ն ենք սիրում, հայրի՛կ, – ասաց դուստրը, – ինչու՞ ես տրտում: Չվհատվե՛ս: Երբ գնանք այն մյուս, լուսավոր աշխարհը, կիրականացնես անանձնական նպատակներդ… Երբ ցանկանաս սավառնել երկնքում, ոչ ոք այնտեղ ոտքերիցդ չի բռնի: Այսօր չէիր կողմնորոշվելու՝ ինչպես դաստիարակել մեզ այս աշխարհում: Ո՞րն է ճիշտն ու սխալը: Թե չարին չարով պատասխանեինք, ցավ կապրեիր, որ շարունակում ենք անմահ պահել չարությունը, իսկ թե հիսուսավարի պատասխանեինք, սիրտդ կմղկտար, որ զավակներդ շա՜տ կտառապեն այս սին իմաստնությամբ կյանքում, ի՛մ նպատակասլաց, իմ թա՛նկ հայրիկ:
- Մենք քեզ այնքա՜ն լավ էինք հասկանում, – ներողամիտ ժպտաց որդին, – հիմա այլևս չեն հանդուրժում նոր, խելոք անհատականություններին: Մարդը մարդուց գերհոգնել է: Երկրորդ գիտակցությունը մահամերձ է… Բայց մի՛ տխրի՛ր, ամեն ինչ դեռ առջևում է… Գնա՛նք, սիրելի՛ հայրիկ, գնա՛նք…
Գ. Աֆրիկյանը, կանգնեց զավակների մեջտեղում, գրկեց նրանց ուսերը, և նրանք դանդաղ շարժվեցին դեպի ճերմակ անհայտություն…

Комментариев нет:

Отправить комментарий